BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Այս գիրքը Արա Բերքյանի անմահության յուրօրինակ հուշարձան է»

«Այս գիրքը Արա Բերքյանի անմահության յուրօրինակ հուշարձան է»
12.09.2014 | 15:45

Ընթերցողի սեղանին է սփյուռքահայ ճանաչված հայագետ, ճարտարապետության և ինժեներության դոկտոր, հասարակական գործիչ Արա Բերքյանի կենսագրությունը, հոդվածները, նամակները, մատենագիտությունն ամփոփող ժողովածուն:

Գիրքը հրատարակվել է Արա Բերքյանի ծննդյան 80-ամյակի առթիվ` Մակբեթ (Սեյրան) Մաթևոսյանի հովանավորությամբ: Առաջաբանը հեղինակել, նամականին, կենսամատենագիտությունը կազմել և ծանոթագրել է հայագետի կինը` գերմանահայ գրող Լիզա Բերքյան-Աբրահամյանը:
«Արա Բերքյան» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
«Այս գիրքը Արա Բերքյանի անմահության յուրօրինակ հուշարձան է, որ կանգնեցրել է նրա կյանքի ընկերը` Լիզա Բերքյան-Աբրահամյանը»,- ասաց գրքի խմբագիր, բգթ Դավիթ ՄԿՐ-ՍԱՐԳՍՅԱՆԸ, նշելով, որ զարմանալ կարելի է, թե երբ և ինչպես է հասցրել Արա Բերքյանը իր ոչ երկարատև կյանքի և աշխատանքային գործունեության ընթացքում ի կատար ածել այն ամենը, ինչ մենք այսօր կոչում ենք անձնական արխիվ կամ ստեղծագործական ժառանգություն:
Ազգագրագետ Արգամ ԱՅՎԱԶՅԱՆԻ կարծիքով` չափազանց արժեքավոր է ցանկացած ստեղծագործողի նամակների հրատարակումը. «Ժառանգորդներ, հետևորդներ չունենալու պատճառով` մեր մշակույթի, գիտության, գրականության, արվեստի բնագավառի մարդկանց բազմաթիվ նամակներ, չհրատարակված ստեղծագործություններ մնում են անտիպ և չեն հասնում ընթերցողին: Հայաստանում հրատարակվում են արժեքավոր նամակներ, բայց շատ քիչ»:
«Արա Բերքյանը Գերմանիայի մեր մշակույթի դեսպանն էր, ազգային հոգին արթուն պահող մարդ: Արա Բերքյանը Արցախը գիտեր մինչև ուղնուծուծ, ճանաչում էր անգիր, ճանաչում էր ամեն վանք ու մատուռ, գիտեր հազար պատմություն, երկյուղով էր տալիս դարեր առաջ ապրած շինարարի, մելիքի, շինականի անունները»,- այսպիսին էր գրող, հրապարակախոս Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ բնորոշումը:
Լիզա Բերքյան-Աբրահամյանն ի հավելումն ասաց, որ Արա Բերքյանը ճարտարագործ կամուրջ էր սփյուռքի և հայրենիքի միջև. «Աստծո տված շնորհները (ճարտարապետ, գրող, պատմաբան, նկարիչ, հռետոր) նա ի սպաս դրեց օտար ափերում հայոց պատմությունը, ճարտարապետությունը, մշակույթը ճանաչելի դարձնելու և Հայ դատի ձայնը լսելի դարձնելու համար: Անցած դարի 50-60-ականներին Գերմանիայում չկային նպաստավոր պայմաններ, հայկական միություններ, հայկական դեսպանատուն, չկային համացանցի ընձեռած հնարավորությունները, բայց նա և նրա նման նվիրյալ հայորդիները հաղթահարել են այդ ճանապարհի դժվարությունները: Գերմանիայում սովորելու տարիներին հիմնադրել են հայկական ուսանողական միություններ, նպատակ ունենալով ուսանողների և դասախոսների առաջ բանախոսություններով հանդես գալու և ներկայացնելու հայության ճակատագրի, առաջին ցեղասպանության մասին»:
Արա Բերքյանի ջանքերով 1972-ին վերաբացվում է նաև Յոհաննես Լեփսիուսի հիմնադրած գերմանահայկական ընկերությունը, ի վերջո, Լիզա Բերքյան-Աբրահամյանի խոսքով`անցած դարի կեսերին հայկական կյանքի երակը սկսեց բուռն կերպով բաբախել գերմանական հողի վրա: «Կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանի և սփուռքի մեծանուն գիտնականների, մշակութային գործիչների հետ, ցուցահանդեսներ` նվիրված հայկական արվեստին... Արա Բերքյանը այդ ամենի կազմակերպիչն էր, բանախոսը, թարգմանը»,- ընդգծեց տիկին Բերքյանը:
Հայաստանում, սակայն, նրան քչերը գիտեն: Ինչպես նշեցին շնորհանդեսի հյուրերը, այս առումով անելիքներ դեռ շատ ունենք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ